Արևելյան գործընկերություն – ՍՀԿ. կարողությունների զարգացման ծրագիր

ՍՀԿ-ը սահմանային կառավարման մի մոդել է, որ ընդունվել է Եվրամիության կողմից իր արտաքին սահմանների կառավարման համար, որը նաև առաջարկվում է Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) Սահմանային համալիր կառավարման (ՍՀԿ) կարողությունների զարգացման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից ու հանդիսանում է ԱլԳ-ՍՀԿ առաջատար նախաձեռնության մաս: Ծրագրի ներքո աջակցություն է ցուցաբերվում ԱլԳ վեց պետություններին իրենց սահմաններին ՍՀԿ մոդելը գործարկելու հարցում` հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա: Ծրագիրը, որն իրականացվելու է 2014-17թթ., միտված է կարողությունների զարգացմանը շահառու գերատեսչություններում, այսինքն՝ ԱլԳ երկրի այն ազգային կառույցներում, որոնք ապահովում են սահմանների կառավարում, մասնավորապես՝ սահմանային ոստիկանությունը կամ մաքսային ծառայությունը: Սահմանների կառավարման աշխատանքների բարելավումն ի վերջո կանդրադառնա սահմանը հատող ճամփորդողների և կոմերցիոն օպերատորների վրա, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք հատուկ պաշտպանության կարիք ունեն, մասնավորապես՝ ապաստան հայցողները, մարդկանց թրաֆիքինգի հնարավոր զոհերը և առանց ուղեկցողի ճանապարհորդող անչափահասները:

Ծրագրի նպատակն է դյուրացնել անձանց և ապրանքների տեղաշարժը ԱլԳ վեց երկրների սահմաններով և միաժամանակ ապահովել սահմանների անվտանգությունը՝ ազգային, միջսահմանային և միջազգային մակարդակներում համագործակցությունը ընդլայնելու միջոցով:

Ծրագրի կոնկրետ խնդիրներն են.

  • նպաստել ԵՄ լավագույն փորձի վրա հիմնված ուսուցման ժամանակակից համակարգի ձևավորմանը վեց շահառու երկրներում.
  • մեծացնել օպերատիվ կարողությունները՝ շահառու հաստատությունների վերհանված կարիքների հիման վրա նախանշված թեմաների շուրջ տվյալ երկրին անհրաժեշտ և օպերատիվ կարողությունների ձևավորման աշխատանքների միջոցով.
  • աջակցել սահմանի հատման հետ կապված գործընթացների բարելավմանը առևտուր ու բեռնափոխադրումներ իրականացնողների և ուղևորների համար.
  • աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին ԱլԳ վեց երկրներում.
  • աջակցել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարելավմանը՝ սահմանը հատող անձանց առնչությամբ.
  • որտեղ կիրառելի է, նպաստել վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հարթ ու սահուն գործարկմանը:

Ծրագիրն իրականացվում է Frontex-ի` Եվրամիության անդամ-պետությունների արտաքին սահմանների հարցերով օպերատիվ համագործակցության կառավարման եվրոպական գործակալության կողմից՝ Մաքսային համաշխարհային կազմակերպության (ՄՀԿ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հետ համատեղ: Սա առաջին անգամն է, երբ Frontex-ը տեխնիկական աջակցության ծրագիր է իրականացնում երրորդ, այսինքն՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրում: